Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։

Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության շարունակական զարգացումը։ Քննարկվել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպումից հետո նախարարներն այցելել են Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն, ինչպես նաև «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։

Միասնական սոցիալական ծառայությունում Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող գործիքակազմին և որոշումների կայացման մեխանիզմներին։

«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկությունում» ներկայացվել են սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տվյալների կառավարման համակարգերը և ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված գործիքները։

Հանդիպումը ևս մեկ հնարավորություն է ընձեռել երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման և համագործակցության զարգացման ուղղությունների քննարկման համար։