Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը


Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։

Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։

Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և համայնքի ներկայացուցիչների՝ ստեղծելով ջերմ, ազգային ոգով և տոնական տրամադրությամբ լի մթնոլորտ։ Հայկական երգն ու պարը, երաժշտությունն ու մշակութային ավանդույթները դարձան օրվա գլխավոր խորհուրդը՝ ընդգծելով ազգային ինքնության պահպանման, մշակութային արժեքների փոխանցման և համայնքային համախմբման կարևորությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, հոգևորականներ, մշակույթի գործիչներ և բազմաթիվ հյուրեր, որոնք իրենց ներկայությամբ առավել հանդիսավոր դարձրին տոնական միջոցառումը։

Վարդավառին նվիրված այս տոնակատարությունը ևս մեկ անգամ ընդգծեց ազգային և հոգևոր արժեքների պահպանման կարևորությունը՝ միավորելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին հայկական մշակույթի և ավանդույթների շուրջ։