Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և նախագծի իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են կատարված աշխատանքները և քննարկել նախագծի հետագա փուլերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանի վերականգնում, հրապարակի ամբողջական բարեկարգում, հետիոտնային արահետների կառուցում և ժամանակակից արտաքին լուսավորության համակարգի տեղադրում։
Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաքի բնակիչներն ու հյուրերը կստանան նոր, բարեկարգ և կանաչ հանրային տարածք, որը կդառնա քաղաքի այցեքարտերից մեկը և հարմար միջավայր կապահովի հանգստի ու ժամանցի համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 440 000 լարի։