Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում շարունակվում են ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են Մերենիա գյուղում ընթացող ոռոգման ջրանցքի շինարարական աշխատանքներին։
Մունիցիպալիտետում իրականացվող ծրագրերի նպատակն է ապահովել բնակչության և գյուղատնտեսական հողերի պատշաճ ոռոգումը տարվա ընթացքում, ինչպես նաև նվազեցնել գարնանային ձնհալի, առատ տեղումների և ուժեղ անձրևների հետևանքով առաջացող ջրհեղեղների վտանգը։ Այդ նպատակով շարունակվում են գլխավոր ոռոգման ջրանցքների մաքրման և վերականգնման աշխատանքները։
Մերենիա, Իխտիլա և Զակվի գյուղերը կապող հատվածում բաշխիչ ջրանցքները մաքրվում և ընդլայնվում են հատուկ տեխնիկայի օգնությամբ, իսկ անհրաժեշտ վայրերում կառուցվում են նոր ջրանցքներ։ Աշխատանքներն իրականացվում են ժամանակակից մեխանիզմների կիրառմամբ՝ ապահովելով համակարգի արդյունավետությունը և երկարաժամկետ շահագործումը։
Ծրագրի շնորհիվ արդեն իսկ ոռոգման ջրով ապահովվել է գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 90 տոկոսը, որոնք նախորդ տարիներին ոռոգման հնարավորություն չունեին։
Ախալքալաքի քաղաքապետարանը շարունակում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հողաբարելավման և ոռոգման ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հողերի արդյունավետ օգտագործմանը, բերքատվության աճին և գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը։