Սադրանք քրիստոնեական արժեքների և հայ-վրացական բարեկամության դեմ. միջադեպ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցում

Սադրանք քրիստոնեական արժեքների և հայ-վրացական բարեկամության դեմ. միջադեպ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցում


ԱԽԱԼՑԽԱ – Վերջին օրերին Ախալցխայի հնամենի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած սրբապիղծ արարքը բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Անհայտ անձանց կողմից իրականացված վանդալիզմը, որի թիրախում հայտնվել էին եկեղեցում զետեղված սրբապատկերները, մասնագետների և հոգևորականների կողմից որակվում է որպես հեռահար նպատակներ հետապնդող սադրանք:

Միջադեպի էությունը

Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Նշան եկեղեցին (որը այսօր վիճելի է համարվում), թեև այսօր չի գործում, շարունակում է մնալ հոգևոր ձգողության կենտրոն տեղի հայ առաքելականների համար։ Հավատացյալները` հայերը եւ վրացիները, ի նշան միասնական հավատի, տարիներ շարունակ այնտեղ են բերում թե՛ հայկական, թե՛ վրացական պատկերագրությանը պատկանող սրբապատկերներ:

Սակայն օրերս սրբարանի խաղաղությունը խաթարվել է. վանդալները եկեղեցուց դուրս են բերել սրբապատկերները և դրանք նետել մոտակա աղբարկղը: Տեղի բնակիչների զգոնության շնորհիվ սրբապատկերները հայտնաբերվել և վերադարձվել են եկեղեցի: Ախալցխայի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը կատարվածը որակել է որպես բացահայտ հակաքրիստոնեական ակտ՝ շեշտելով, որ վանդալները տարբերություն չեն դրել դավանաբանական նրբությունների միջև՝ թիրախավորելով երկու քրիստոնյա եկեղեցիների սրբապատկերները:

Ժամանակագրական համընկնումներ և վտանգավոր միտումներ

Այս միջադեպը ամենայն հավանականությամբ չի կարելի դիտարկել որպես սոսկ խուլիգանական արարք: Այն զարմանալիորեն համընկնում է տարածաշրջանային զգայուն գործընթացների հետ.
Վրաստանի նոր պատրիարքի ընտրություն եւ
Հայաստանում ընթացող բուռն նախընտրական գործընթացներ:

Վերլուծությունները հուշում են, որ նմանատիպ քայլերը նպատակ ունեն արհեստական լարվածություն ստեղծել երկու եղբայրական ժողովուրդների միջև՝ օգտագործելով կրոնական ու ազգային զգացմունքները: Ամենայն հավանականությամբ սա փորձ է՝ սեպ խրելու հայ-վրացական դարավոր հարաբերություններում այնպիսի փխրուն ժամանակահատվածում, երբ երկու երկրներն էլ կանգնած են կարևոր մարտահրավերների առջև:

Չնայած չի բացառվում, որ դա կարող է ուղակի ինչ-որ մի խմբակի կողմից ինքնագլուխ «Մագրության» արարք լինել։

Միասնական հակազդեցություն

Չնայած տվյալ խմբակի կամ անհատների ջանքերի, որոնք իրականացրել են այդ սրբապիղծ արարաքը, արդյունքը եղավ հակառակը: Հոգեշնորհ Հայր Սուրբի փոխանցմամբ՝ սոցիալական հարթակներում թե՛ հայերը և թե՛ վրացիները միահամուռ կերպով դատապարտում են կատարվածը: Հանրային արձագանքը ցույց տվեց, որ երկու ժողովուրդների գիտակցության մեջ բարեկամությունն ու քրիստոնեական արժեքները շատ ավելի խորն են, քան որևէ քաղաքական կամ կրոնական սադրանք:

Այս պահին իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Հանրությունը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները ոչ միայն հայտնաբերվեն, այլև կրեն օրենքով սահմանված խստագույն պատասխանատվությունը՝ կանխելու համար նմանատիպ երևույթների կրկնությունը ապագայում: