Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում նշվեց գյուղի օրը
Մայիսի 17-ին Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում տիրում էր բարձր տոնական տրամադրություն։ Բնակիչներն առաջին անգամ հանդիսավորությամբ նշեցին գյուղի տոնը:
Օրը նշանավորվեց պատմական ու հոգևոր կարևոր իրադարձությամբ: Ծուղրութի մեծագույն հարստությունը համարվող հազարամյա Սուրբ Հովհաննես Ավետարանը դուրս բերվեց այն խնամող ընտանիքի տնից և տեղափոխվեց գյուղի Սուրբ Սիոն եկեղեցի, որտեղ մատուցվեց հանդիսավոր Սուրբ Պատարագ: Այնուհետև, հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանայի առաջնորդությամբ և հազարամյա Ավետարանի օրհնությամբ, գյուղի բնակիչները խաչերթով շրջեցին Ծուղրութի փողոցներով:
Օրվա երկրորդ կեսին տոնակատարությունը տեղափոխվեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածք, որտեղ մեկնարկեց մշակութային մեծ միջոցառում: Կազմակերպիչները ներկաներին հակիրճ ներկայացրեցին գյուղի հարուստ պատմությունը, դարավոր ավանդույթներն ու հանրահայտ ծուղրութցիների անցած ուղին: Տոնական համերգն ուղեկցվեց վառ ազգագրական պարային կատարումներով։ Ելույթ ունեցան Ծուղրութի «Նաիրի» պարային համույթը, «Հայասա» համույթը և Օրալ գյուղի պարային համույթը:
Միջոցառմանը ներկա էին և գյուղի բնակիչներին շնորհավորեցին բազմաթիվ պատվավոր հյուրեր, այդ թվում՝ Ախալցխայի հոգևոր հայրերը, Ախալցխայի Սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև հյուրեր Ախալցխայից և հարակից շրջաններից:
Ծուղրութի առաջին տոնը դարձավ համախմբման, հոգևոր արժեքների արժևորման և մշակութային գեղեցիկ տոնահանդեսի անմոռանալի օր:
