Շուտով տեղի կունենա «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

Շուտով տեղի կունենա «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գրքի շնորհանդեսը


«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Տոներն Ախալցխայում» ծրագիրն արդեն մոտենում է իր ամփոփման փուլին։ Ախալցխայի տոնական մշակույթի վերաբերյալ համահավաք տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում աշխատանքային խումբը կազմել է «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գիրքը, որը շուտով կհանձնվի հանրության լայն շրջանակների դատին։

Գրքում ներկայացված են Վրաստանի Ախալցխայի շրջանի ժամանակակից տոները՝ ընդգրկելով ինչպես հնագույն արմատներ ունեցող, այնպես էլ նոր ժամանակներում ձևավորված տոնածիսական ավանդույթները։ Տոները դիտարկվում են որպես համայնքային ինքնության պահպանման և սոցիալական համախմբման կարևոր միջոց։

Ե՛վ հին, և՛ նոր ավանդույթները ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների, սակայն սերնդեսերունդ փոխանցվելով՝ նպաստում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը։

Գործնական առումով այս ուսումնասիրությունը կարող է ծառայել որպես ուսումնական և հետազոտական նյութ՝ նպաստելով հայրենաճանաչ դաստիարակությանը, ինչպես նաև հիմք հանդիսանալ մշակութային տուրիզմի զարգացման համար։

Ախալցխայի շրջանի տոները վկայում են համայնքի հոգևոր ներուժի, ազգային դիմագծի և ստեղծագործական կարողության մասին՝ ապացուցելով, որ անգամ բազմազգ և բազմադավան միջավայրում հնարավոր է պահպանել ինքնությունը՝ սերնդեսերունդ փոխանցելով ազգային ավանդույթներն ու արժեքները։

էլեկտրոնային գրքի շնորհանդեսը շուտով տեղի կունենա «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հկ-ի գրասենյակում: