Թրամփի վարչակազմի «առանցքային անդամների» հետ քննարկել ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման հարցը. Կիրիլ Դմիտրիև

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ «Թրամփի վարչակազմի առանցքային անդամների» հետ քննարկել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև թռիչքների վերականգնման հարցը։ Դմիտրիևի հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պուտինի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ հանդիպումներում քննարկվել են «տնտեսական և ներդրումային բնույթի հարցեր. «Մենք տեսնում ենք ամերիկյան ընկերությունների՝ Ռուսաստան վերադառնալու մեծ ցանկություն։ Ամերիկյան շատ ընկերություններ պարզապես ցանկանում են զբաղեցնել այն տեղը, որտեղից հեռացել են եվրոպական ընկերությունները»,- ասել է Դմիտրիևը, միաժամանակ ընդգծել, որ դա հնարավոր է` հաշվի առնելով Ռուսաստանի շահերը:
Կողմերը քննարկել են Արկտիկայում, հազվագյուտ հողային մետաղների և «տարբեր այլ ոլորտներում» հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրի միջև ուղիղ չվերթերի վերականգնման հարցը, ասել է Դմիտրիևը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների ժամկետները կորոշվեն «մոտ ապագայում»: Դմիտրիևի խոսքով՝ երկու երկրի հարաբերություններում «դրական դինամիկա» է գրանցվում, և կա «ստեղծագործական տրամադրվածություն»։