ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը



Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ 
Հայտարարության մեջ, որն ամբողջությամբ հրապարակվել է Սպիտակ տան կայքում, անդրադարձ կա նաև միջազգային օրակարգի տարբեր թեմաների՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Մոլդովա, Բալկանյան երկրներ, Մերձավոր Արևելք, գլոբալ անվտանգություն, կլիմայի փոփոխություններ և այլն: