Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունն առաջատար է

Թուրքայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) թեկնածուները առաջատար դիրքեր են զբաղեցրել առանցքային քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով կիրակի՝ մարտի 31-ին, տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքներին։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկից հետո ստացել է ձայների 51,05 տոկոսը, գրում է Daily Sabah-ը։ Երկրորդ տեղում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ, AKP) թեկնածու Մուրադ Քուրումն է՝ 39,6%-ով։
Անկարայում դարձյալ առաջատար է գործող քաղաքապետ, ընդդիմադիր Մանսուր Յավաշը, որը ստացել է ձայների 60,34 տոկոսը, նրա հիմնական մրցակից ԱԶԿ-ի ներկայացուցիչ Թուրգութ Ալթինոկը՝ 31,73 տոկոսը։
Իզմիրի ընտրությունում քվեաթերթիկների 99,09%-ը մշակելուց հետո ընդդիմության ներկայացուցիչ Ջեմիլ Թուգայը 48,88%-ով զբաղեցրել է առաջին տեղը։ Եթե ​​նա հաղթի, կփոխարինի իր կուսակից Թունչ Սոյերին՝ քաղաքապետի պաշտոնում։
Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) թեկնածուները, որոնց պատկանում են Իմամօղլուն, Յավաշը և Թուգայը, ըստ նախնական տվյալների, առաջատար են երկրի ավելի քան 20 նահանգում: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը ընտրողների մասնակցությունը կազմել է 78,4%:
Վերլուծաբանները քվեարկությունն ընդունում են որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրողների շրջանում ժողովրդականության փորձություն:
Ակնկալվում է, որ Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլի քաղաքապետի ընտրությունում կամրապնդի նրա դիրքերը՝ որպես Էրդողանի հնարավոր մրցակից 2028 թվականի նախագահի ընտրությունում։ Իմամօղլուն արդեն հայտարարել է քաղաքի ղեկավարի պաշտոնում իր վերընտրվելու մասին։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդունել է իր կուսակցության պարտությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Նա խոստովանել է, որ ընտրությունների արդյունքները «շրջադարձային» են իր կուսակցության համար, սակայն խոստացել է «հարգել ազգի որոշումը»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին