Տեխասը նախատեսում է վերականգնել փշալարերով արգելապատնեշը Մեքսիկայի հետ պետական սահմանի ամբողջ երկայնքով

Տեխասի իշխանությունները մտադիր են վերականգնել փշալարերով արգելապատնեշը Մեքսիկայի հետ պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար։ Այդ մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ ամեն օր առնվազն 3 հազար միգրանտ էր անցնում Տեխասի սահմանը, սակայն այժմ, երբ նահանգային իշխանությունները սկսեցին պատնեշներ կառուցել, այդ թիվը հասել է զրոյի։ Միայն անցած դեկտեմբերին սահմանապահներն արձանագրել են 302 հազար ապօրինի սահմանահատում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Հունվարի 22-ին Fox News-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել Մեքսիկայի հետ Տեխասի սահմանից հեռացնել մոտ 48 կմ երկարությամբ մետաղալարերի պատնեշը, որը տեղադրված է ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու համար: Դատարանի որոշումը սահմանապահ ծառայությանը թույլ է տալիս այն հեռացնել մինչև դատավարության ավարտը:
Տեխասի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է ապօրինի ներգաղթյալների թվի աճին։ Նրանք զգուշացրել են, որ դաշնային իշխանության հետ առճակատում չեն ուզում, բայց եթե Բայդենի վարչակազմը փորձի հեռացնել փշալարերը, լուրջ դիմադրության կհանդիպեն: