Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել. Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքի նահանգապետի վարչակազմը։
Վարչության տվյալների համաձայն՝ Ռուսթավիում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին մասնակցել են նոր մարդատար ավտոբուսների հանձնման արարողությանը:
Շրջանների համար նոր ավտոբուսների գնումն իրականացվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, իսկ Բորժոմիի մունիցիպալիտետի բնակչությանը կսպասարկի 6 նոր ավտոբուս։
«Սամցխե-Ջավախքի շրջանը, մասնավորապես Բորժոմիի քաղաքապետարանը ստացել է 6 նոր ավտոբուս, նոր ավտոբուսների են սպասում նաև Ախալցխայի և Ադիգենիի քաղաքապետարանները։ Ավտոբուսները տեղ կհասցվեն մինչև 2024 թվականի փետրվարի վերջ։ Մեր բնակչությունը հնարավորություն կունենա հարմարավետ օգտվել ժամանակակից չափանիշներին համապատասխան հասարակական տրանսպորտից։
Վարչապետի որոշմամբ մեկնարկած ծրագիրը ծառայում է քաղաքային տրանսպորտի վերականգնմանն ու հետագա զարգացմանը, որի համար միջոցներ են հատկացվել ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական բյուջեներից։ Ինչպես նշվեց միջոցառման ժամանակ, ծրագիրը միանգամյա չէ և կշարունակվի նաև ապագայում, ինչը կնպաստի մեր տարածաշրջաններում ներքին և միջքաղաքային տեղաշարժի խնդրի լուծմանը»,- ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվում է գնել Isuzu ընկերության 154 միավոր 8 մետրանոց ավտոբուսներ, որոնք կբաշխվեն երկրի 38 մունիցիպալիտետներում։ Ավտոբուսները կծառայեն քաղաքացիների ներքին և միջքաղաքային փոխադրումների համար։ Ժամանակակից ստանդարտներով հագեցած ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նոր, հարմարավետ, EURO 5 ստանդարտի ավտոբուսների ձեռքբերմամբ տարիներ շարունակ կլուծվի մարզերում ապրող մարդկանց ներքին փոխադրումների խնդիրը։ Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Նոր ավտոբուսների ձեռքբերման համար բյուջեից հատկացվել է 53 մլն լարի։ Գնումների գործակալության հայտարարած համախմբված մրցույթում հաղթող ճանաչված «Ջիթի գրուպ» ընկերությունն արդեն 51 միավոր ավտոբուս է մատակարարել Վրաստան, գործընթացը շարունակվում է մինչև տարեվերջ, իսկ ավտոբուսների մի մասը երկիր կհասնի աստիճանաբար՝ սկսած 2024 թվականի սկիզբից։
Բացի ավտոբուսներից, Վրաստանի վարչապետի որոշմամբ, քաղաքապետարանների համար գնվել են նաև մինչև 90, 10 և 16 խորանարդանոց Iveco աղբատար մեքենաներ, որոնք կբաշխվեն Վրաստանի բոլոր շրջաններում (ընդհանուր 49 մունիցիպալիտետ): Կենտրոնական և տեղական բյուջեներից ձեռք են բերվել աղբատար մեքենաներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 33 մլն լարի։
Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կառավարության շրջանների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Լերի Բարնաբիշվիլին, Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախքի և Մցխեթա-Մթիանեթիի տեղական ինքնակառավարման մարմինների և «Ջիթի գրուպ» ընկերության ներկայացուցիչներ։