Հունգարիան առայժմ կողմ չէ Կիևի եվրոպական ինտեգրմանը. Սիյարտոն՝ Կուլեբայի հետ հանդիպմանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Բրյուսելում հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Օրակարգային հիմնական հարցը եղել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը:
«Ես հստակ ասացի Պետերին, որ մենք ընդհանուր ապագա ունենք Եվրոպայում, և հարկավոր է հնարավորինս արագ քաղաքական որոշում կայացնել»,- հավելել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Սիյարտոն էլ Կուլեբայի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Եվրամիությանը Կիևի անդամակցությունը նշանակալի որոշում է ամբողջ համայնքի ապագայի համար։
«Որոշման ընդունման մասին առաջարկը պատրաստ չէ, Եվրահանձնաժողովը գործնականում չի պատկերացնում, թե ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը ինչ ազդեցություն կունենա Միության վրա: Բավական է վերհիշել հացահատիկի հարցով կամ ուկրաինական բեռնատարների համար լիցենզավորման պահանջի չեղարկման վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախկին որոշումների հետևանքով առաջացած խնդիրները»,- շեշտել է Սիյարտոն: Նա, այնուհանդերձ, պատրաստակամություն է հայտնել՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Հունգարիայի ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, կողմ չէ Կիևի եվրոպական ինտեգրմանը, այդ հարցով բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև Ուկրաինային ռազմական աջակցությանը: