Հորդանանի թագավորը կմեկնի Եվրոպա՝ ստանալու աջակցություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման հարցում

Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը կմեկնի Եվրոպա՝ ստանալու ԵՄ ղեկավարների աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Այդ մասին Հորդանանի PETRA լրատվական գործակալությանը հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ «պաղեստինցիներին նոր տեղաշարժ պարտադրելու Իսրայելի ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն հակամարտության անդունդը»:
«Ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիները սպանվում են կամ ստիպված են լինում լքել իրենց ծննդավայրերը, ինչը տարածաշրջանն ու աշխարհը կկանգնեցնի Գազայում Իսրայելի ստեղծած ավերածությունների և հուսահատության հետևանքների առջև։ Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության»,- հավելել է Աս Սաֆադին։
Բացի դրանից՝ Հորդանանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և նրա բնակիչներին ռազմական գործողությունների սրման պայմաններում իրենց տները լքել ստիպելը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է»: