G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել



Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:
Քննարկման արդյունքում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի վերաբերյալ, որը, ըստ կողմերի հայտարարության, «կկապի երեք տարածաշրջանները ժամանակակից կապի ենթակառուցվածքների միջոցով՝ նրանց միջև տնտեսական հարաբերությունները տեղափոխելով ավելի բարձր մակարդակ և ապահովելով ապրանքների, էներգիայի և տվյալների բարելավված հասանելիություն քաղաքացիների և ձեռնարկությունների համար»:
Նախագիծը նպատակ ունի ինտեգրել երկաթուղային գծերը և նավահանգիստները Հնդկաստանից Եվրոպա՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջոցով, ինչը կհանգեցնի ապրանքների ավելի սահուն և արագ տարանցման:
Բացի դրանից՝ նախագծի մասնակիցները նախատեսում են ջրածին տեղափոխելու համար կառուցել խողովակաշարերի ցանց, ինչպես նաև տվյալների և էլեկտրաէներգիայի փոխանցման համար ստեղծել մալուխների համակարգ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանն ընդգծել է, որ տրանսպորտային միջանցքը հնարավորություն կտա ապահովել էներգառեսուրսների մատակարարման գլոբալ շղթաների կայունությունը:

Նշվում է, որ ԱՄՆ-ը աջակցում է այս նախագծին որպես Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» կամ «Ուղի և գոտի» նախագծի այլընտրանք: