Անկարգությունների պատճառով Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն հայտարարել

Անկարգությունների պատճառով Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն հայտարարել



Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն հայտարարել՝ կապված անկարգությունների հետ, որոնք սկսվել են ամբողջ երկրում՝ 17-ամյա վարորդի սպանությունից հետո: Նա հրաժարվել էր կատարել ճանապարհային պարեկի պահանջները: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի քաղաքների և բնակարանային հարցերով նախարար Օլիվիե Կլայնը:
«Այսօր անկարգություններին արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են: Անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված վիճակից, և եթե արտակարգ դրության ռեժիմն ընդունվի որպես արդյունավետ միջոց, ապա հանրապետության նախագահն այն կհայտարարի»,- ասել է նախարարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ շտապ կարգով լքել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը՝ իր երկրում տեղի ունեցող անկարգություններին նվիրված արտակարգ նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Point պարբերականը։

Արդեն երրորդ օրն է՝ ֆրանսիայում լարված իրավիճակ է՝ բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ, տասնյակ տուժածներ և 800-ից ավելի ձերբակալված: Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին ցույցեր են անցել նաև Բրյուսելում, հաղորդվում է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին: