Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ

Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ



Թե ե՛րբ կլինի ապաշրջափակումը, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Կլինի այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր հայերի և ադրբեջանցիների կողմից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի։ Հանրապետության տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում. նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհում ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների ձեռնարկատիրական որակներն են և Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություններ անարգել մուտքի հնարավորությունը»,- ասել է փոխվարչապետը ՏԱՍՍ-ի հետ զրույցի ընթացքում։
Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ, միևնույն ժամանակ, Հայաստանը դիտարկում է Ռուսաստանը  է որպես իր հիմնական շուկա։
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանի տնտեսության զարգացումը զսպում է Վերին Լարսի ճանապարհը՝ միակ սահմանային անցակետը, որը կապում է այն Ռուսաստանի հետ. «Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ իրականացնել ապաշրջափակումը: Նման մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ակնհայտ է, որ երկաթուղային ճանապարհը կշարունակվի դեպի Իրան և Թուրքիա, ինչն այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայց, իհարկե, հանուն փաստաթղթի ստորագրման արագության, ոչ ոք երկրորդ տեղում չի դնի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք պետք է շարժվեն այդ ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որն առայժմ հնարավորություն չի տալիս պատասխանել այն ​​հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը»:
Հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի հետ տնտեսական համագործակցությանը: Օվերչուկը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ինչպես նաև Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպման  ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է:

Լրագրողի հարցին, թե երբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը, Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ աշխատանքային խումբը 2.5 տարվա ընթացքում չի մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց, սակայն աշխատանքներն  իրականացվում են գրեթե ամեն օր։