Արցախի ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը

Արցախի ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 13-ին  հանդիպում է ունեցել Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

 

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։

 

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։

 

Գեղամ Ստեփանյանն իր դժգոհությունն է արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր՝ շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

 

Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պաշտպանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։

 

Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։