Հարության տոնի ճրագալույցի պատարագն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում

Հարության տոնի ճրագալույցի պատարագն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում

Այսօր՝ ապրիլի 8-ին Ախալքալաքի Սբ. Խաբ եկեղեցում ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց՝ ձեռամբ տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։
Ավագ Շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա Հարությունը մեռելներից:
Անդրադառնալով ճրագալույցի Պատարագին՝ նշենք, որ ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան Պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Սբ. Ծննդյանը և Սբ. Հարությանը նախորդող երեկոյան:
Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագի ավարտին պատարագիչ քահանան Սուրբ Սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: