Արցախի 4 գյուղ լիակատար շրջափակման մեջ է. համայնքի ղեկավարը ներկայացրել է իրավիճակը տեղում
		25.04.2023 . Արցախ


Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները լիակատար շրջափակման մեջ են: Իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ադրբեջանական կողմի հետ բանակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) — Բարձր, ղեկավար կազմի հետ քննարկումներ են ընթանում: Հիմա մենք սպասում ենք քննարկումների արդյունքներին: Այս պահի դրությամբ որևէ, այսպես ասած, առարկայական արդյունք կամ տեղեկություն չկա:

Շուշիի շրջանի ղեկավարն ասում է՝ հրատապ է Բերդաձորի ենթաշրջանից անհրաժեշտության դեպքում հիվանդներին Գորիս տեղափոխելու հարցը, որն, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովեն ռուս խաղաղապահները:

Գրիշա Հովհաննիսյան (Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար) — Այդ 4 գյուղերում կենսաթոշակառուները համարյա 27-30 տոկոսն են կազմում բնակչության, հետևաբար, կարող են հիվանդությունների պատճառով չկարողանանք մենք ժամանակին տեղափոխենք հիվանդանոց:

Պարենի և վառելիքի որոշակի քանակ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքներում ունեն: Ճանապարհը երկար փակ մնալու դեպքում, սակայն, Եղցահող համայնքի ղեկավարը խնդիրներ է կանխատեսում:

Արտակ Հակոբյան (Արցախի Եղցահող համայնքի ղեկավար) — Այս պահի դրությամբ համայնքում ոչ մի խնդիր չկա, բայց երկար տևելու դեպքում հնարավոր է` որոշակի խնդիրներ պարենի և դեղորայքի հարցում առաջանան:

Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների անելիքը շատ է՝ ոչ միայն հումանիտար խնդիրները կարգավորելու, այլև ժամ առաջ միջանցքը բացելու ուղղությամբ, Արցախի պետնախարարի գնահատականն է: Հակարիի կամրջի արգելափակումից հետո որոշ քաղաքացիներ մնացել են Սյունիքի մարզում: Հատկապես սուր է երեխաների վերադարձի ապահովման հարցը:

Գուրգեն Ներսիսյան — Փորձեցի ռուս խաղաղապահների առջև բարձրացնել շտապօգնության տեղաշարժի հետ կապված խնդիրները, և այսօր փորձ ենք անում նաև անչափահաս երեխաներին վերադարձնել մայր ծնողի մոտ: Մի խոսքով՝ խնդիրներ կան, և կախված նրանից, թե Ադրբեջանն այս իրավիճակը որքան ժամանակ կպահպանի, այդ խնդիրները, բնականաբար, ավելի են ծանրանալու բնակիչների առջև: Եվ մենք, իհարկե, թեև մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց հիմա փորձում ենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի բնակչությունը շատ ծայրահեղ իրավիճակում չհայտնվի, գոնե նվազագույն պարենային խնդիրը, վառելիքի հետ կապված խնդիրը և բնակչության առողջության պահմանման հետ կապված հարցերը փորձենք ապահովել:

Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհն ադրբեջանական կողմն արգելափակել է ապրիլի 23-ին և Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցագրային կետ տեղադրել, ինչը միջազգային իրավունքի և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է: