Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կիսել է Հարավային Կովկասում առկա մտահոգությունները
		24.04.2023 . Միջազգային


Հարավային Կովկասում էսկալացիայից է խոսել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ կիսում է առկա մտահոգությունները:

«Միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը էլ ավելի է վատթարացնում այնտեղ ստեղծված իրավիճակը։ Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը: Երբ դեկտեմբերին Լաչինը արգելափակվեց, ես կոչ արեցի վերականգնել ազատ տեղաշարժը, այժմ էլ նույնն եմ կրկնում։ Աներևակայելի է, թե որքան դժվար է այնտեղ ապրող մարդկանց համար:

Նաև ցանկանում եմ կոչ անել կողմերին շարունակելու բանակցությունները։ Երբ նրանք դարձան Եվրոպայի խորհրդի մաս, նրանք ընդունեցին, որ պետք է աշխատեն առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Ավելորդ է նաև ասել, որ Եվրախորհրդի բոլոր մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է մեր մանդատը: Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է՝ նրանց թույլատրել տեղում գնահատել իրավիճակը»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: