Իսրայելն ու Ադրբեջանն ընդլայնում են  գործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում
		21.04.2023 . Տարածաշրջան


Մոտ ապագայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ երկու արբանյակ կմատակարարի՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսրայելի ԱԳ նախարարի գրասենյակին և իրավապահ մարմիններին։ Ավելի վաղ այս շաբաթ Ադրբեջան կատարած այցից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել էր, որ երկու երկրներն ընդլայնում են գործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական Azersky արբանյակը խափանվել է տիեզերական աղբի կամ փոքր երկնաքարի հետ բախվելուց հետո։ Azerkosmos գործակալության տվյալով՝ արբանյակի հետ կապը վերականգնելու փորձերը ձախողվել են: Այն ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին և օգտագործվել ազգային անվտանգության, պաշտպանության, շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակներում, նավթի և գազի ոլորտում, ջրի կառավարման և այլ նպատակներով: Ադրբեջանին են պատկանում ևս երկու հեռահաղորդակցական արբանյակներ: