Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը



Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը:
Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։

Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի շենքի մոտ, պահանջել կառավարության հրաժարականը։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, 200-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Ցույցեր են անցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ցույցերն ու գործադուլները մարտի 18-ին և 19-ին, ինչպես նաև 23-ին: