Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը



Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 67-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 15-ի դրությամբ:

3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 650 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 26 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: