Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը

Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը



Պեկինը անշեղորեն կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ:
«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանն անշեղորեն կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը և առաջ կտանի չին-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է ՉԺՀ նախագահը՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահի հրավերով եռօրյա այցով գտնվում է Պեկինում: Սիի և Ռայիսիի ներկայությամբ Պեկինի ու Թեհրանի միջև ստորագրվել է համագործակցության 20 համաձայնագիր՝ ճգնաժամերի կառավարման, զբոսաշրջության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, միջազգային առևտրի, մտավոր սեփականության, գյուղատնտեսության, արտահանման, առողջապահության, լրատվամիջոցների, սպորտի և մշակութային ժառանգության ոլորտներում:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ևս կառուցողական է որակել Պեկինի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝ այդ երկրների երկկողմ հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ չեն, այլ հօգուտ երկու երկրների ժողովուրդների և Մերձավոր Արևելքի կայունության: