Սիրիայի հայկական համայնքը նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից

Սիրիայի հայկական համայնքը նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից


Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում 4 հայ կա։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում էլ հայ ամուսիններ են զոհվել:
Աղետից ժամեր անց «Լուրեր»-ի նկարահանող խումբը շրջել է Հալեպում, զրուցել հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսի հետ:
ՀԱԼԵՊԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԵՆ
Ռուբեն Գևորգյան («Ռադիո Երազ» ռադիոկայանի տնօրեն) — Երբ սկսավ այս երկրաշարժը, մեր ժողովուրդը փողոց իջավ ինքն իրեն պաշտպանելու համար: Տպավորությունն այն էր, որ շատ շուտ կվերջանա, բայց երկար տևած այս երկրաշարժը արդեն բավական լուրջ վնասներ է հասցուցած և շենքերուն, և ժողովուրդին: Առաջին ժամերուն, օրինակ, ժողովուրդը հավաքվեց ճեմարանի տարածքում, անօթևանները Աստվածածածին եկեղեցու ներքնասրահում են հավաքված:
Հալեպի հայաբնակ թաղամասերի կրած վնասների, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություննեը դեռ ճշտվում են, քանի որ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Սիրիայի հայկական կառույցները, նախնական տվյալով, լուրջ վնասներ չեն կրել:
Ռուբեն Գևորգյան — Հայկական կառույցները լուրջ վնասվածքներ չեն կրել: «Արամ Մանուկյան» շենքի ժողովրդական տան վրա որոշ վնասվածքներ կան, լրջության մասին կարելի է հետո խոսել, որովհետև մասնագիտական մոտեցում է պահանջվում, Քառասուն մանուկի դրսի պատերին ոչինչ չկա, բայց շրջակայքը ահավոր վնասվել է, քանի որ հին կառուցված տներ են: Դրանք Հին Հալեպի մաս կազմող հատվածներ են:
Զարմիկ Պողիկյան («Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր) — Հալեպի մեջ կան կառույցներ, որ մասամբ վնասվել են, ազգային, հայկական կառույցներ, բայց չնչին վնասներ են, օրինակ` Քառասնից մանկանց մայր եկեղեցին, Արամ Մանուկյան ժողովրդային տունը, Քեսաբի սուրբ Աստվածածածինը թեթև վնասներ են կրել, այդքան հսկա վնասներ չեն:
Զարմիկ Պողիկյանի խոսքով՝ Սիրիայում օդում խուճապ է կախված, իրար հաջորդած ուժգին երկրաշարժերի, հետցնցումների հետևանքով մարդիկ շարունակում են դրսում մնալ:
Զարմիկ Պողիկյան — Ընդհանուր առմամբ` մարդկանց մեջ սարսափի ու վախի մթնոլորտ է տիրում, ցնցումները կշարունակվեն, մարդիկ առաջին օգնության կարիք ունեն: Քանի որ Սիրիան շրջափակված երկիր է, այստեղ դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի պակասի տագնապ կա: Ժողովրդի մեջ մտահոգություն կա, քանի որ ցնցումները դեռ կշարունակվին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՄ Է ԱԳՆ ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է արտգործնախարարության թեժ գիծը:

Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111
Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111
Էլ-փոստ՝ [email protected]