Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ 15.02.2023 . Արցախ

Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել՝ ռազմական դրության ժամանակ երկրի ղեկավարի աթոռը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրությունն առաջարկելով վերապահել խորհրդարանին:
Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի մամուլի խոսնակ) — 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել՝ օր-օրի Արցախի շուրջ փոփոխվում է թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը բացառեց վարկածը, թե սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:
Լուսինե Ավանեսյան — Խոսքը նախագահի հնարավոր հրաժարականի մասին չէ, այլ խոսքն այն մասին է, որ ստեղծված պայմաններում մենք ունենք բազմաթիվ սպառնալիքներ, և Արցախն անգլուխ մնալ չի կարող:
Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Արցախի Ազգային ժողովի քննարկմանը: Ըստ նախագծի` ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ ընտրություն չի նշանակվում, ԱԺ ընտրած նախագահը պաշտոնավարում է մինչև նախագահական հերթական ընտրություններ:
Կրկին Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց էր մեկնարկել նաև 2022-ի հունվարին: Այն ժամանակ խոսքը նոր մայր օրենք ունենալու մասին էր, նախագիծը, սակայն նոյեմբերին հանվեց շրջանառությունից Արցախի նախագահի դիմումի համաձայն` հակասական քաղաքական գնահատականների և հանրային տրամադրությունների պատճառով: