Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին



Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
«Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների:
Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին:
«Մենք շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է:

Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև վերականգնվեն էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապը: Ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը: