Շրջափակման մեջ հայտնված ՀՀ բուհերի արցախցի ուսանողները կարող են քննություններին հեռավար մասնակցել
		14.01.2023 . Արցախ


Արցախում գտնվող այն ուսանողները, որոնք Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել, կարող են քննություններին հեռավար մասնակցել: Հայաստանյան բուհերը ստեղծված իրավիճակում առաջնորդվելու են ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով. անհատական մոտեցում է ցուցաբերվելու այս պահին Արցախում գտնվող ուսանողների նկատմամբ, մասնավորապես՝ բացակայությունները հարգելի համարելու, ուսումնական պլանով նախատեսված ընթացիկ և միջանկյալ քննությունների հանձնման գործընթացների համար սահմանվելու է հատուկ ձևաչափ և անհատական ժամանակացույց։ Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են՝ այս քննական շրջանում անցկացված քննություններին որևէ խնդիր դեռ չի արձանագրվել. միակ ռիսկը ինտերնետային խափանումն է:

Էլինա Ասրյան (ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր) — Քվոտայով սովորող 87 արցախցի ունենք բակալավրիատում, և 20՝ մագիստրատուրայում: Այս պահին նրանցից 12-ը գտնվում են Արցախում, այսինքն՝ շրջափակման մեջ են:

Մայր բուհի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Սահակյանը այս պահին Արցախում է: Տուն էր գնացել դեկտեմբերի 5-ին, պատրաստվում էր Երևան գալ ճանապարհի փակման օրը: Հիմա, իրավիճակով պայմանավորված, առցանց ձևաչափով է մասնակցելու քննություններին:

Թագուհի Սահակյան (ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող) — Մասնակցել եմ դեռ մեկ քննության ու ոչ մի խնդիր չի եղել օնլայն ձևաչափով մասնակցելու, քանի որ հեռավար ուսուցման ժամանակներից էլ ծանոթ էինք այդ կարգին: Ե՛վ ինտերնետն էր նորմալ, և՛ այդ ընթացքում քննության և որևէ խնդիր չի եղել:

Քովիդից հետո բուհերը և ուսանողները հեռավար դասավանդման մեծ փորձ են ձեռք բերել, ինչը հեշտացնում է գործընթացը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը ևս այս ընթացքում ինչպես դասավանդման, այնպես էլ քննությունների անցկացման խնդիր չի ունեցել: Արցախից 7 ուսանող ունեն, որոնցից մեկն է այս պահին շրջափակման մեջ: Նա սուգարքները առցանց հանձնել է, ամենօրյա կապը պահպանվում է:

Նաիրա Սաֆարյան (Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր) Մինչև քովիդն էլ մեր համալսարանում ընդունված էր այդ պրակտիկան, այսինքն՝ քլասսռում համակարգով մենք արդեն ուսանողների հետ կարողանում էինք իրականացնել անհրաժեշտության դեպքում օնլայն դասընթացներ: Եվ քովիդի ընթացքում ավելի կոփվեցինք, հմտացանք, և ոչ մի խնդիր չի առաջացել նաև այս ընթացքում:

Բժշկական համալսարանում 200 արցախցի ուսանողից 2-ն է այս պահին այնտեղ, Տնտեսագիտական համալսարանում էլ 66 ուսանողից քննություններին առցանց մասնակցելու դիմում է ներկայացրել 9-ը, Բրյուսովում՝ 56-ից 14-ը:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան