ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգին։ Փաթեթն ուղարկվել է վերանայման։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել էր Միության անդամ երկրների միջև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համաձայնեցման շուրջ տարաձայնությունների մասին։ Նրա խոսքով՝ դժվար է ընդհանուր համաձայնության հասնել, քանի որ հակառուսական սահմանափակումների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։
Ըստ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի՝ տարբեր պետություններ, ձգտելով խուսափել սեփական տնտեսությանը հասցված վնասից, իրենց համար ցանկանում են զիջումներ և բացառություններ։
Միաժամանակ Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ավելացնել Խաղաղության հիմնադրամի ֆինանսավորումը 2 միլիարդ եվրոյով, որից վճարվում են նաև Ուկրաինային ռազմական մատակարարումները: