13 երեխա ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում է. 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը մնում է ծանր. Արցախի ԱՆ
		20.12.2022 . Արցախ


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
 
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որին ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
 
Հանրապետական բժշկական կենտրոնում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկները կատարում են հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
 
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։