ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ: 

 

«Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը:

 

Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։

 

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ առկա տարաձայնությունները հաղթահարելուն և տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և ձևաչափերով անցկացվող բանակցություններին: 

 

Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ են պահանջում, կարևոր է պահպանել այդ դինամիկան, համաձայնեցնել հետագա քայլերը և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և բարեկեցությունը:

 

Ստեղծված անկայուն իրավիճակում, երբ վերջին 30 տարվա վերքերը դեռ շուտ չեն սպիանա, ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից, սպառնալիքներ կամ մեղադրանքներ չհնչեցնել, զերծ մնալ ռազմական սադրանքներից և գործողություններից:

 

ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն արձագանքել կողմերի ցանկություններին և աջակցել նրանց՝ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անմիջական ջանքերի և ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- ասված է Ստանոյի տարածած հայտարարության մեջ։