Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակչության թիրախավորման փաստերը պետք է պատշաճ քննության առարկա դառնան. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։ Այդ մասին ասված է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները և թե՛ Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։
Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։