Վարդավառի նախատոնակի միջոցառում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում

Վարդավառի նախատոնակի միջոցառում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում





Այսօր՝ հուլիսի 23֊ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ Վարդավառի նախատոնակի միջոցառում: Այս մասինհայտնում է Սամցխե֊Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆբ.֊յան էջը։
Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու այս օրերին Ախալքալաքում գտնվող Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Միջոցառման ընթացքում առաջնորդական փոխանորդության «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի սաներն ու կամավորները ներկայացրեցին հայ ազգային ավանդույթները՝ հյուսեցին խաչբուռ, զարդարեցին խնդումը, խորովեցին խնձոր: Միջոցառումն ավարտվեց ջրային մրցույթներով:
Նշենք, որ վաղը՝ հուլիսի 24֊ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Տիրոջ պայծառակերպության տոնը։