Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար

Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:

 

Ա.Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:

 

«Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել դրանց հիման վրա՝ վեր հանելու հիմնական խնդիրները և աշխատելու դրանց լուծման ուղղությամբ: Քննությունների արդյունքները կարծես թե ընդհանուր առմամբ կրկնում են նախորդ տարիների պատկերը, սակայն հատկապես որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք, և մենք պարտավոր ենք հիմնարար ու երկարաժամկետ լուծումներ տալ դրանց՝ հիմք վերցնելով Արցախի կարիքներն ու առանձնահատկությունները:

 

Հարկ է ուշադրության տակ պահել քննությունների վերաբերյալ բոլոր ահազանգերն ու մտահոգությունները՝ խուսափելու համար ցանկացած բացթողումից ու սուբյեկտիվ երևույթներից: Առաջիկայում ավելի մեծ թափով ենք աշխատելու կրթական համակարգի բարեփոխումների պլանավորման և իրականացման ուղղությամբ, և ես ակնկալում եմ բոլոր կարող անձանց ու կազմակերպությունների արդյունավետ ներգրավումը այդ գործընթացում»,- ասել է Արցախի պետական նախարարը:

 

Անդրադարձ է կատարվել քննությունների արդյունավետության բարձրացման, ուսման վարձերի փոխհատուցման, ՀՀ բուհերում նպատակային տեղերի հատկացման և մի շարք այլ հարցերի:

 

Պետական նախարարը որոշ հանձնարարություններ է տվել պատկան մարմիններին՝ բուհերի ընդունելության գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և հետագա բարեփոխումները նախապատրաստելու վերաբերյալ: