Երեխաների պաշտպանության օրն Ախալքալաքում

Այսօր՝ հունիսի 1֊ին գունագեղ եւ մարդաշատ էր Ախալքալաքը։ Նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Ախալքալաքի կենտրոնական այգում ժամը 14։00֊ին նախակրթարանների սաների մասնակցությամբ միջոցառում տեղի ունեցավ։ Կենտրոնական այգում ամենուր ժպտացող փոքրիկների երջանիկ դեմքերն էին։ Միջոցառումը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը։
Բազմամարդ էր նաև Սուրբ Խաչ եկեղեցու բակը։ Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում՝ մասնակցությամբ առաջնորդական փոխանորդության տարբեր խմբակների սաների։
Նշենք՝ երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ.-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ.-ին: