Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992 թ.-ից սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ:

 

 

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն համոզմունք է հայտնել, որ համաժողովը երկու քաղաքների գործակցությունը գործնական նոր փուլ տեղափոխելու գործում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացի:

 

«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:

 

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:

 

 

«Մեզ համար շատ կարևոր է քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում: Երևանն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման գործում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք այսօր մասնակցում ենք հերթական համաժողովին, որը քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման առումով մեծ նշանակություն ունի»,- նշել է Երևանի քաղաքապետն ու Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան:

 

Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ այն լավ առիթ կլինի 2023 թ. մեկնարկող եռամյա ծրագիր մշակելու առաջարկը միասին քննարկելու տեսանկյունից:

 

Պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Մասնավորապես, կիրագործվի արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնել կենտրոնի շենքային պայմաններն ու կյանքի կոչել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կրթական նոր ծրագրեր:

 

Հարկ է նշել, որ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում այժմ մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների: