Նեդ Փրայս. Մենք Վրաստանը համարում ենք ռազմավարական գործընկեր, մեր խնդիրն է շարունակել գործընկերությունը և աջակցել Վրաստանին այս ճանապարհին

Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել վրաց ժողովրդի հետ՝ ժողովրդավարական, բարգավաճ, խաղաղ և եվրատլանտյան ապագայի հասնելու համար,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի ամուր կանգնել անկախ լրատվամիջոցների կողքին՝ լինի դա Վրաստանում, թե այլուր։
«Մենք շատ հստակ և անկեղծ ենք խոսում մեր վրացի գործընկերների հետ ժողովրդավարության հիմքերի ամրապնդման շարունակման անհրաժեշտության մասին, որը մենք ցանկանում ենք տեսնել Վրաստանում և աշխարհում։ Սա ներառում է ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև օրենքի գերակայությունը: Մենք կշարունակենք համագործակցել վրաց ժողովրդի հետ՝ ձգտելով հասնել ժողովրդավարական, բարգավաճ, խաղաղ և եվրատլանտյան ապագայի:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ազատությանը, մեզանից անընդհատ լսում եք աշխարհում ազատ և անկախ լրատվամիջոցների անփոխարինելի դերի մասին։ Մի քանի օր առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոսել է ազատ ու անկախ լրատվամիջոցների անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ վերջին տարիներին բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են բռնության և ոտնձգությունների, նրանց աշխատանքը ճնշվել է, և նրանցից շատերը ողբերգականորեն զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս, և նրանց պարտականությունը ոչ այլ ինչ է, քան ճշմարտությունն ասելը, և նրանք այլ բան չեն օգտագործում, քան գրիչներ և ստեղնաշարեր։ Մենք կշարունակենք ամուր կանգնել անկախ լրատվամիջոցների կողքին՝ լինի դա Վրաստանում, թե այլուր», – ասել է Նեդ Փրայսը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն Վրաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, և իրենց խնդիրն է շարունակել գործընկերությունը Վրաստանի հետ։
Փրայսը նշել է նաև, որ Վրաստանի նկրտումների իրագործումը պահանջում է ժամանակ, քրտնաջան աշխատանք և համբերություն։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։