Ալեն Սիմոնյանը և Ղազախստանի Սենատի նախագահը քննարկել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևին:

Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար և շնորհավորել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխշահավետ և հեռանկարային համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Ղազախստանի Սենատի նախագահը երախտագիտությամբ կարևորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու և դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ալեն Սիմոնյանը տարածաշրջանի իրավիճակը բնութագրել է որպես խորը հումանիտար ճգնաժամ՝ հույս հայտնելով, որ Ղազախստանը՝ որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա:

Կողմերը կարևորել են երկու պետությունների հարաբերություններում օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղազախստանում բնակվող 15 հազարից ավելի հայ համայնքին: Ղազախստանի Սենատի նախագահը հավաստիացրել է, որ Ղազախստանում ապրող հայերն ամբողջությամբ ներգրավված են սոցիալ-մշակութային, տնտեսական և կրթական ասպարեզներում և օրինակելի համայնք են համարվում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ղազախ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: