Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Շառլ Միշելին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել են համավարակի տարածման դեմ, միահամուռ կերպով աշխատել պատերազմի հետևանքների վերացման և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

Չնայած այս բոլոր մարտահրավերներին, մեզ նաև հաջողվել է առաջ մղել մեր բազմաշերտ համագործակցության օրակարգն, ինչը նշանավորվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև վերջինիս կիրարկման ճանապարհային քարտեզի ուժի մեջ մտնելով, Հայաստանի և Եվրոպական միության միջև մի շարք համաձայնագրերի կնքմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում ուղենշային ծրագրերի համաձայնեցմամբ։

Այս կապակցությամբ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, համապարփակ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը։

Վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս կպահպանենք մեր շփումների և փոխգործակցության դինամիկան՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև գործընկերության խորացման և բոլորիս առջև ծառացած խնդիրների համատեղ հաղթահարման։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին, ինչպես նաև փոխանցել Ձեզ նորանոր հաջողությունների լավագույն բարեմաղթանքներս։

Ընդունե՛ք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»։