Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է

Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է


Արցախում վերականգնվում է բնական գազի մատակարարումը, բաժանորդների մի մասն արդեն բնական գազ ունի: Շուշիի հատվածում գազատարի վթարման հետևանքով Արցախի բնակիչները 11 օր ստիպված էին ջեռուցման և կենցաղային մի շարք խնդիրներ հաղթահարել: Ադրբեջանը թույլ չէր տալիս մասնագետներին մոտենալ գազատարին: Եվ միայն երեկ հայտարարեց, որ նորոգում է խողովակաշարը: Ստեփանակերտում բնակվող Փաթյանների ընտանիքում ասում են՝ հատկապես դժվար էր երեխաների համար. էլեկտրական սարքերն անհրաժեշտ տաքություն չէին ապահովում:

Էռնիկ Փաթյան (Ստեփանակերտի բնակիչ) — Փոքրիկների համար բավականին խնդիրներ են առաջանում նրանց լոգանքի, շորերի լվացման համար: 10 օր հո չե՞ս կարող երեխային թողնել անլվա վիճակում:

Լիանա Փաթյան (Ստեփանակերտի բնակիչ) — Այս փոքր գազի բալոնը նոր ենք ձեռք բերել, չունեինք: Բայց հիգիենայի պահը շատ դժվար է, ասենք՝ լոգանք ընդունելը, զինվորական ունենք, դիրքերից գալիս է, պետք է լոգանք ընդունի:

ԳԱԶԱՏԱՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

Արցախի վնասված գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտված են՝ այս մասին երեկ հայտարարեց Արցախի տեղեկատվական շտաբը: Տեխնիկական աշխատանքներից հետո այսօր գազամատակարարումը վերադառնում է բնականոն հուն: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ Բերձոր-Շուշի հատվածում մեր ենթակառուցվածքներին ադրբեջանական կողմի հասանելիությունը վաղը կրկին կարող է խնդիր առաջացնել:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) — Բացառել չենք կարող, որ դեպի Արցախ եկող այն ենթակառուցվածքները, որոնք որոշ հատվածներում անցնում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներով, խիստ խոցելի են: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը, տարբեր սադրանքների դիմելով, նման խնդիրներ շարունակական ստեղծի Արցախի ժողովրդի համար, ինչը մենք ինքներս տեսանք, թե ինչպիսի հումանիտար հետևանքներ է ունենում մեր բնակչության առօրյա կյանքի կազմակերպման, կրթական պրոցեսի կազմակերպման, առողջապահական ոլորտի և տարբեր այլ ոլորտների վրա:

Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ Արցախի հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների և միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշումն Ադրբեջանի վրա այնքան պետք է լինի, որ Բաքուն երկրորդ անգամ հումանիտար աղետի առաջ չկանգնեցնի Արցախը:

Գեղամ Ստեփանյան — Կոնկրետ քայլերով անել այնպես, որ Ադրբեջանի մտքով չանցնի կրկնելու նման միջադեպերը, կրկնելու նման իրավիճակները:

11 օր գազ չօգտագործելու պատճառով հնարավոր է անվտանգության խնդիրներ առաջացած լինեն: Սպասարկող ընկերությունը կոչ է արել Արցախի բնակիչներին մատակարարման վերականգնումից հետո համոզվել, որ փականները սարքին են, և գազի արտահոսք չկա: