Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հավատարիմ մնալ չեզոքություն պահելու խոստումին

Սամցխե-Ցավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հավատարիմ մնալ իր իսկ խոստումին եւ զերծ մնալ հայ-ադրբեջանական հակամարտությունում կողմնապահությունից: Հայաստանի եւ Վրաստանի սոցիալական օգտատերերի էջերում արդեն մի քանի օր է ակտիվ տարածվում են տարբեր տեսակի տեսանյութեր եւ տեղեկություններ, որ իբր Թուրքիայից Վրաստանի տարածքով իրականացվում է զենքի փոխադրում դեպի Ադրբեջան: Անկասկած նման տեղեկատվությունները ավելի ուշադիր ստուգման կարիք ունեն եւ մենք հակված չենք դրանց հավատալու, սակայն ամենեւին էլ բացառել չի կարելի, որ նման բան հնարավոր է գոյություն ունենալ, հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական հսկա ազդեցությունը, որը Թուրքիան ու Ադրբեջանը ունի Վրաստանի վրա:
Մենք վճռականորեն դատապարտում ենք նաեւ յուրաքանչյուր սադրանք, ոչ կոռեկտ հայտարարություն, որը ուղղված կլինի հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության դեմ: Սակայն շատ հաճախ նման արտահայտությունները տեղի են ունենում Վրաստանի ոչ կոռեկտ պահվածքի հետեւանքով:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին շատ ավելի լուրջ մոտենալ տվյալ խնդրին, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը ու մի շարք այլ երկրներ ընդունել են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների օգտագործման փաստը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ:
Ուզում ենք մեկ անգամ եւս հիշեցնել Վրաստանի իշխանություններին, թե որքան կործանարար հետեւանքներ է ունեցել ահաբեկիչների հայտնվելը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ այլ երկրներում եւ որքան այն վտանգավոր կարող է դառնալ կովկասյան ամբողջ տարածաշրջանի համար:
Հաշվի առնելով վերոնշյալը, պետք է նաեւ հիշեցնենք Վրաստանի իշխանություններին, որ Թուրքիայի իշխանությունները այսօր բոլոր հարեւանների հանդեպ վարում են չափազանց ագրեսիվ քաղաքականություն եւ հավակնություններ ունեն գրեթե բոլոր հարեւան երկրների տարածքների վրա, որտեղ բացառություն չէ նաեւ Վրաստանը: Այդ իսկ պատճառով Վրաստանի իշխանությունները պետք է առավելագույնս չեզոք դիրքորոշում ունենա, որպեսզի այս հակամարտությունը չտեղափոխվի իր տարածք, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ:
Հայ եւ վրաց ժողովուրդները հազարամյակներով ապրել եւ արարել են իրար կողք-կողքի եւ դարերով միասին դիմադրել օտար զավթիչներին: Դա է պատճառներից մեկը, որ երկու ժողովուրդները կարողացել են մինչեւ հիմա ինչ-որ մի կերպ գոյատեւել այս չափազանց բարդ տարածաշրջանում: Եւ հիմա հասել է այն պահը, որ Վրաստանից պահանջվում է ընդամենը չեզոքություն պահպանել հայ-ադրբեջանական հակամարտությունում, հաջողությամբ կասեցնելու համար պանթուրքիստների եւ ահաբեկիչների ծրագրերը տարածաշրջանում:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն