Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա

Նոյեմբերի 1-ին Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա։ Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացման ծրագիրը ֆինանսավորվել է «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ» -ի կողմից, որը կյանքի կոչվեց Ջավախքին Աջակցություն Հիմնադրամի կողմից։ Սա արդեն չորրորդ Արմաթ լաբորատորիան է Ջավախքում։ Բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանի եւ Վրաստանի տարբեր շրջաններից։ Հյուրերի շարքում էին «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ։
Լաբորատորիայի բացման խոսքում ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հատուկ նշեց, որ այս կենտրոնը ծառայելու է, ինչպես հայ այնպես էլ վրաց երիտասարդների կարիքների համար, որտեղ նրանք սովորելու են ծրագրավորում եւ ռոբոտաշինություն։ Նրա խոսքերով՝ մեր ժողովուրդները չունեն նավթ եւ այլ հարստություն, սակայն ունեն մտավոր ունակություններ, որոնք զարգացնել է հարկավոր, քանզի ապագան բարձր տեխնոլոգիաների մեջ է։
Բացման արարողությունը շարունակվեց մշակութային մասով։ Միջոցառմանը պարերով հանդես եկավ «Ախալցխա» պարային համույթը։ Իսկ Ախալքալաքի երիտասարդները ներկայացան բանաստեղծություններով ու Կոմիտասի երգերով։
Միջոցառումը շարունակվեց Արմաթ լաբորատորիայում, որտեղ հոգեւորականները կատարեցին տնօրհնեքի արարողություն, իսկ մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմաթ լաբորատորիային։