1910 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 14-ին, Ս. Փրկիչ եկեղեցում կայացած քաղաքիս ծխականների ընդհանուր ժողովում, ի միջի այլ հարցերի, որոշւեց շուտօրոք Ախալցխայում նոր փոխանորդի ընտրութիւն անել, թէ Ախալցխայի և թէ Ախալքալակի վիճակների բոլոր հայ ծխականների մասնակցութեամբ իրանց շրջակայ հայ գիւղերի ու աւանների հետ: Այդ մասին նախաձեռնութիւնը յանձնւեց ծխական հոգաբարձութեան, որը դիմել է հոգևոր իշխանութեան համար թոյլտւութիւն ստանալու: Մեր վիճակի ներկայ փոխանորդ Սիօն վարդապետը, ինչպէս յայտնի է նշանակովի է և ահա 6 տարի է, որ մեզանում յաջորդ է: Անցեալները հայր Սիօնը հրաժարական է ներկայացրել, որ ժողովրդեան ընտրութեամբ նոր փոխանորդ ընտրեն Ախալցխայի վիճակի համար, սակայն հրաժարականը թողնւած էր անհետևանք:
Կ. Հ. Բ. Ը. Ախալցխայի ճիւղի վարչութիւնը, մտադիր լինելով քաղաքումս կիրակնօրեայ ժողովրդական դասախօսութիւններ կազմակերպել, ինչպէս լսում ենք, արդէն դիմել է քաղաքիս հայ-երկսեռ դպրոցների ուսուցչական խմբին այնտեղ դասախօսելու: Նոյն վարչութիւնը այս տարի քաղաքումս բաց է անելու «Խոհարարական դասընթացներ» տեղիս տիկինների և օրիորդների համար, որի համար որոնւում է մի բանիմաց և մասնագէտ խոհարարուհի:
Վերջին ամիսներս մեզանում առևտուրը խիստ սակաւացել է: Բոլոր վաճառականներն ու առևտրականները գանգատւում են առևտրի չգոյութեան համար. եղան սնանկութեան դէպքեր:
<Հորիզոն>, 1910թ., № 64, 23 մարտի
Արմեն Ասատրյան
պատմաբան