Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցի Արթուր Քոչոյանի ուղերձը

Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցի Արթուր Քոչոյանի ուղերձը

Այսօր՝ օգոստոսի 5-ին Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցիներից Արթուր Քոչոյանը, որը նաեւ տվյալ արշավի նախաձեռնողներից մեկն է ուղերձ է հղել իրենց խմբի հարազատներին։ Արթուր Քոչոյանի ուղերձը ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

«Ողջու՛յն մեր հերոսական թիմի հարազատներ։ Ինչպես տեսնում եք, մենք հասանք մեր բաղձալի երազանքին։ Արարատ լեռան գագաթը արդեն նվաճված է։ Կներեք, որ video հաղորդագրությունով չեմ հանդես գալիս. պատճառը չափից ավել հուզմունքս է, և ինչ մեղքս թաքցնեմ՝ ուժեղ ջերմում եմ։ Նույն վիճակը նաև խմբի մյուս անդամների մոտ է։

Այսպիսի եղանակի ոչ բարենպաստ լինելու պարագայում բարձրանալ գագաթ. դա շատ ռիսկային էր, բայց մեր սպառված էներգիայի, անկոտրում կամքի ուժի ու նպատակասլացության շնորհիվ կարողացանք հաղթահարել։ Չեմ ուզում շատ բարդացնել, բայց կարծում եմ չկան բառեր, որոնց միջոցով կկարողանամ ձեզ փոխանցել դժվարության աստիճանը։ Առավել ևս չկան բառեր, հուզմունքներս ու երջանկության աստիճանը ձեզ ներկայացնելու։

Մեզ ուղեկցող՝ լեռնագնաց Մեթինը ասում է, որ իր 387 անգամ կազմակերպած արշավանքների մեջ շատ քիչ է հիշում, որ այսպիսի փորձության է հանդիպել։ Գիշերը, երկար մտորումներից ու խմբի անդամների հետ դառնալու հարցը օրակարգից հանելուց հետո որոշեցինք ամեն գնով բարձրանալ։ Իհարկե արշավը դեռ չի ավարտված։

Պարզվում է բարձրանալը ֆիզիկական ու թթվածնի քաղցի առումով շատ բարդ է, բայց իջնելը իրենից ավելի լուրջ վտանգ է ներկայացնում։ Ամենը ձյունախառը, թաց ու սահուն է։ Հիմա հասել ենք 2-րդ ճամբար։ Պետք է այստեղ գիշերենք, ուժերս վերականգնենք ու վաղ առավոտյան իջնենք 1-ին ճամբար, այնուհետև ք. Բայազեթ»։

Akhaltskha.Net