Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանում

Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանում

Հուլիսի 8-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում էր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառ)։ Տոնի առթիվ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ծուղրութ գյուղի շրջակայքում գտնվող խոնարհված «Մայր Եկեղեցի» կոչվող մատուռ։
Սրբատեղին դարեր շարունակ եղել է ուխտատեղի հավատացյալների համար հատկապես Վարդավառի տոնին, սակայն վերջին տարիներին երբեք այնտեղ պատարագ չի մատուցվել։

Տոնի խորհուրդն ամբողջական դարձնելու համար Աստծո նախախնամությամբ վերացրեց այդ դարավոր լռությունը փոխարինելով Սրբալույս Պատարագով։
Հրաշագործ սուրբ Մատուռում «Մայր Եկեղեցում» Սբ․ Պատարագ մատուցվեց ձեռամբ Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանի։

Սուրբ Պատարագին ներկա էին Ախալցխայի և հարակից շրջանների հավատացյալ ուխտավորները։
Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և կրկին անգամ պատմեց մեր օրերում տեղի ունեցած հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել «Մայր Եկեղեցի» այցի եկած մի շարք հայորդիների հետ։

Հավարտ Սուրբ Պատարագի ներկա հավատացյալ ուխտավորները շնորհավորեցին միմյանց Տիրոջ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ) տոնի առթիվ։

Akhaltskha.net