Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ

Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ

Այսօր Ախալցխայի Հոգևոր Տեսչության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությունը նախաձեռնությամբ միության նախագահ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի  և օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ․Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի այցելեց Ախալցխայի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան։

Ճաշարանը օրեկան մեկ անգամ սնունդ է տրամադրում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։

Տիկնանց միության այցի նպատակն էր մասնակից լինել քաղաքապետարանի աստվածահաճո առաքելությանը և ճաշարանից օգտվողների օրը լցնել քաղցրությամբ։

Նախաձեռնության շրջանակներում տիկնանց միության յուրաքանչյուր անդամ իր նախընտրության համաձայն պատրաստել էր քաղցրավենիքներ, թխվածքներ, գաթաներ, հացաբուլկեղեն և այլն։

Քաղաքապետարանի շենքի մոտ Տիկնանց միությանը դիմավորեցին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, քաղաքապետարանի պատգամավոր, սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ՝  Համբարձում Բաբոյանը և ճաշարանի տնօրեն Վեռա Բարձիմաձեն։

Կանայք իրենց պատրաստած քաղցրավենիքները հանձնեցին ճաշարանի խոհարարներին, ովքեր և կբաժանեն ճաշարան այցելող յուրաքանչյուր կարիքավոր մարդու։

Բարեգործական ճաշարանի անձնակազմն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությանը, հանձինս երեցկին Անահիտ Վարդանյանի գեղեցիկ և միևնույն ժամանակ քաղցր նախաձեռնության համար։

Տիկնանց միությունը իր հերթին խոստացավ, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ։