Ախալքալաքի մարզիկները միջազգային մրցումից վերադարձան պատվով ու հաղթանակներով

2018 Թվականի հունիսի 13–ից 17–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի միջազգային 2 –րդ մրցումը, որին մասնակցում էին մարզիկներ 7 պետություններից` Հայաստանից, Վրաստանից, Բելարուսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից:

Վրաստանի ազգային հավաքականում հանդես եկան նաև 5 մարզիկ Ախալքալաքից, որոնցից 3–ը վերադարձան հաղթանակած` արժանանալով  1 ոսկյա և  2 բրոնզե մեդալների:

Ախալքալաքի բոլոր մարզիկները մենամարտեցին Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Չնայած, որ Ուկրաինայի հավաքականը ներկայացնող բռնցքամարտիկները  բազում հաղթանակներ տարած, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումներ ստացած մարզիկներ էին, բայց Ախալքալաքի բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան ռինգում  և գրանցեցին հաղթանակներ:

91 կգ քաշային կարգում Արտյոմ Յորդանյանը սկզբից հաղթելով Ուկրաինայի չեմպիոնին այնուհետև` փոխչեմպիոնին,  գրանցեց փայլուն հաղթանակ և զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը:

56 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը  թեժ պայքարում զիջելով Ուկրաինայի փոխչեմպիոնին` զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ 52 կգ քաշային կարգում Ստեփան Շիրինյանը նույնպես զիջելով Ուկրաինայի ներկայացուցչին զբաղեցրեց երրորդ տեղը:

Ախալքալաքի ներկայացուցիչներից 60կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը փայլուն խաղ ցուցաբերելուց հետո մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ուկրաինայի և Եվրոպայի չեմպիոնին: Ճիշտ է նրանցից ոչ բոլորը վերադարձան մեդալներով, բայց ռինգում բոլորը ցուցաբերեցին գեղեցիկ և հաղթական խաղ:

Մարզիկներին խաղի ընթացքում  քաջալերում և ուղեկցում էին թիմի գլխավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, Աշխարհի առաջնության երեք մրցանակակիր Օթար Երանոսյանը, մրցավար Արթուր Էլիզբարյանն ու մարզիչներ Վենետիկ Ղազարյանը և Աղասի Էլիզբարյանը:

Փառք ու պատիվ մեր մարզիկներին, որ միշտ  մրցումներից վերադառնում են հաղթանակած և պատվով հնչեցնում Ջավախքի անունը:

 

Սերինե Յայլախանյան

Akhaltskha.Net