«Հայկական տոլմա»-ի փառատոն Ախալցխայում

«Հայկական տոլմա»-ի փառատոն Ախալցխայում

Մայիսի  16-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական Տոլմա» փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց Միությունը նախագահությամբ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի։ Փառատոնին մատուցվեց շուրջ 20 տեսակի հայկական տոլմաներ, որոնք մեծ սիրով համտեսեցին բոլոր ներկաները։ Փառատոնը ավելի գունեղ և ուրախ անցկացնելու համար իրենց ելույթներով հանդես եկան Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից  «Ախալցխա» երգի և պարի համույթը։

Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը փառատոնին իրենց պատրաստած տոլմաներով ներկայացած բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր և նվիրեց խոհարարական գոգնոցներ։ Հոգևոր Տեսչությունը ի դեմս Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի, Ախալցխայի  հարակից  շրջանների  հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի և երեցկին Անահիտ Վարդանյանի իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Հայկական Տոլմա» փառատոնի բոլոր մասնակիցներին։

Akhaltskha.Net