Ի՞նչ է սպասում Հայաստանի հասարակությունը նոր իշխանություններից

Ի՞նչ է սպասում Հայաստանի հասարակությունը նոր իշխանություններից

Համաժողովրդական շարժումը, որը համախմբեց աննախադեպ թվով մարդկանց, առաջին հերթին ուներ մեկ գերնպատակ, ինչն էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ու ապա ՀՀԿ-ի իշխանական ղեկից հեռացումը։ Հենց դա էր պատճառը, որ ժողովուրդը հավատաց ու միացավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ համաժողովրդական ընդվզման միջոցով տապալեց ստի ու անարդարության վրա հիմնված ռեժիմը։

Սակայն այս ամենից հետո մեկ անգամ եւս կարիք կա հասկանալու այն կուտակված խնդիրների ողջ ծաղկեփունջը, որը հասցրեց ժողովրդին հեղափոխության շեմին։ Կարծես թե առաջին հայացքից բոլորն էլ գիտեն դրա պատասխանը, սակայն երբ խորանում ես նախահեղափոխական Հայաստանի առօրյայի մեջ հասկանում ես, որ խնդիրները այնքան բազմաշերտ էին ու այնքան խորքային, որ այդ ամենը ուղղակի մի օր չեր կարող չպայթել։ Եւ բարեբախտաբար այդ ամենը պայթեց հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի քաղաքակիրթ աշխատանքի շնորհիվ եւ ոչ թե ծայրահեղ հեղափոխականների միջոցով, ինչը կարող էր հանգեցնել անդառնալի հետեւանքների երկրի ու հայ ժողովրդի համար։

Սակայն նույն ժամանակ պետք է հասկանալ, թե ի՞նչը մոտեցրեց տարիներ սպասված հեղափոխությունը ու որո՞նք պետք է դառնան հետհեղափոխական Հայաստանի առաջին քայլերը։

Հայաստանի տնտեսական ճգնաժամը արդեն երկար ու երկար տարիներ անտանելի բեռով նստած է ժողովրդի ուսերին։ Հայաստանը ուղղակի բաժանված է աղքատների ու հարուստների, որոնց միջեւ գոյություն ունեցող անդունդը միայն ու միայն ավելանում էր տարեց տարի։ Հայաստանում մենաշնորհության ու բացարձակ թալանի ճանապարհով հարստացել են հարյուրավոր մարդիկ, ովքեր այսպես թե այնպես խորը կլանային կապերով կապված էին Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Բիզնեսը Հայաստանում կլանային համակարգի մաս չկազմող քաղաքացիներ համար դարձել էր գրեթե անհնար, քանզի նրանց եկամուտի մի զգալի մասը գնում էր տվյալ կլանային համակարգի սնուցմանը։ Այդ սարսափելի իրողության պայմաններում վերջին տարիներին սփյուռքից ու արտասահմանից օտար լուրջ ներդրումներ Հայաստանում գրեթե չեն գրանցվել։ Ընտրությունները Հայաստանում վերջին տարիներին վերածվել էին ամենամեծ կաշառակերության ակտի։

Դրանից բացի 2016թ․ ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ Հայաստանի ու սփյուռքի հասարակության մեջ առաջացրեց նոր բազմաթիվ հարցեր բանակի պատրաստվածության եւ զինվորական տեխնիկայի ու նույնիսկ հասարակ զինվորի էլեմենտար հագուստի պարագաների եւ այլ կարիքների վերաբերյալ։ Դրան գումարվեցին բազմաթիվ մարդկային ու հարյուրավոր հեկտարների տարածքային կորուստները։

Հենց դա էր պատճառը, որ 2016 թվականի հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» հայտնի գործողությունը, որը վերջնականապես սթափեցրեց Հայաստանի հասարակությանը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Արդեն այդ ժամանակից պարզ էր, որ «Սասնա ծռեր» գործողությունից հետո անդունդը հասարակության ու իշխանության միջեւ հասել էր իր գագաթնակետին եւ համաժողովրդական ընդվզումը ընդամենը ժամանակի հարց էր։ Ու տվյալ առիթը մարդկանց ընձեռնվեց նրանով, որ ժողովրդի բոլոր խնդիրների մարմնացումը՝ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել սահմանադրությունը եւ գնալ երրորդ ժամկետի արդեն Հայաստանի վարչապետի պաշտոնում։

Այս առիթը իհարկե բաց չթողեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը շատ ճիշտ ու գրագետ կազմակերպեց ժողովրդին ու կարճ ժամանակահատվածում հասավ աննախադեպ արդյունքների։

Սակայն պետք է զգոնություն պահպանել, որ հեղափոխության խաղաղ ավարտը մոռացության չմատնի նոր իշխանություններին եւ նրանք պարտավորվեն մշտապես գիտակցել, թե հենց ինչո՞ւ ժողովուրդը գնաց նրանց հետեւից եւ ո՞րն է ժողովրդի սպասելիքը Հայաստանի նոր հետհեղափոխական կառավարությունից։

Հայաստանի նոր իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ ժողովուրդը կարիք ունի լուրջ ու համարձակ բարեփոխումների։ Պետք է վերջնականապես արմատախիլ արվի կաշառակերությունը ու այդ ամենի իրականացման համար պետք են օրենքով նախատեսված ցուցադրական խիստ պատիժներ որոշ օրինազանց քաղաքացիների նկատմամբ։

Անչափ կարեւոր է, որ Հայաստանում վերջապես վերանա մենաշնորհային քաղաքականությունը ու ի վերջո պետք է օրենքի առջեւ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր հարստացել են ժողովրդի հաշվին առնվազն վերջին տասնամյակի ընթացքում։ Հայաստանում մոտակա ամիսների ընթացքում պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, իսկ «Սասնա ծռեր» գործողության անդամներին պետք է օրենքի շրջանակներում համաներում շնորհել։

Ավելի դժվար աշխատանք կա իրականացնելու Հայաստանի տնտեսության վերականգնման առումով։ Այդ ասպարեզում անհամեմատ դժվար է լինելու արդյունքներ գրանցել կարճ ժամկետներում։ Կարգավորելով Հայաստանի հարկային դաշտը եւ ստեղծելով նոր պայմաններ բիզնեսի համար երկիրը նոր շունչ է տալու Հայաստանի տնտեսությանը։  Հայաստանի տնտեսական զարգացման գործում օգնության ձեռք կարող է մեկնել նաեւ հայկական սփյուռքը, որը տեսնելով Հայաստանում օրենքի գերակայությունը բազմաթիվ ներդրումներ կարող է իրականացնել իր հայրենիքում։ Ահա այն մինիմալ երեւացող խնդիրները, որոնք պետք է կարողանա լուծել Հայաստանի նոր իշխանությունը բավականին սեղմ ժամկետներում։

Այս օրերին համայն հայության սրտերում կրկին հույս է արթնացել, որ վերջապես կարող է ստեղծվել նոր ժողովրդավարական ուժեղ Հայաստան, որտեղ գոյություն ունի օրենքի գերակայություն եւ իշխանությունները վարում են ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն։

 

Էդուարդ Այվազյան